National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.06.2022
2021 թ. ԱԳ նախարարությունն աշխատանքներ է իրականացրել միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ
1 / 3

2021 թ. ԱԳ նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 17.1 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.1 տոկոս: Նախորդ տարվա համեմատ նախարարության պատասխանատվությամբ կատարված ծրագրերի գծով ծախսերն ավելացել են 1,4 տոկոսով կամ 240 մլն դրամով. անդրադառնալով արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին՝ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է Արտաքին հարաբերությունների եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 6-ի hամատեղ նիստում:

 «Օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպման» ծրագրի համար նախատեսված հատկացումները կազմել են շուրջ 11,9 մլրդ դրամ: Կատարողականը կազմել է 97,8 տոկոս:

«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրին ուղղվել է 2.2 մլրդ դրամ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ 2021 թ. ԱԳՆ-ն աշխատանքներն իրականացրել է ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների եւ Կառավարության ծրագրի իրականացման՝ բարեփոխումների ու զարգացման օրակարգի խթանման, միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, ՀՀ պետական շահերի պաշտպանության, ինքնիշխանության ամրապնդման եւ տարածքային ամբողջականության վերականգնման, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման, 44-օրյա պատերազմի հետեւանքով ծագած հումանիտար խնդիրների հաղթահարման նպատակով:

«Իհարկե, ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ նրա մանդատի ներքո, եւ, ակնհայտորեն, սա իր ուղղակի անդրադարձն է գտել ՀՀ ԱԳ նախարարության ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարի եւ մյուս պաշտոնյաների՝ առանց բացառության բոլոր հանդիպումների ընթացքի վրա»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ շուրջ 1-ամյա դադարից հետո, ինչպես շահագրգիռ պետությունների դիրքորոշման, այնպես էլ հայկական կողմի հետեւողական աշխատանքի շնորհիվ 2021 թ. սեպտեմբերին Նյու Յորքում, ապա դեկտեմբերին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարների առաջին եւ երկրորդ հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ եւ միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ: «Վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի եւ հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ սադրանքների եւ հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը»,- ասել է նախարարը:

Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են նաեւ հոկտեմբերին՝ Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի  շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը:

«Նախքան հնգակողմ հանդիպումը՝ առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձեւաչափի եւ մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձեւաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,-ընդգծել է ԱԳ նախարարը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am